Չինաստանի իշխանությունները Հոնկոնգում բողոքի ակցիաների ֆոնին դրա մերձակայքում 12 000 ոստիկանի մասնակցությամբ մարզումներ են անցկացրել (տեսանյութ)
Չինաստանի իշխանությունները հատուկ վարչական շրջան Հոնկոնգի հետ սահմանակցող Շենչժեն քաղաքում 12 000 իրավապահների մասնակցությամբ մարզումներ են անցկացրել, հայտնում է South China Morning Post-ը:
Իշխանությունները հայտնել են, որ մարզումներն անցկացվում են հոկտեմբերի 1-ին նշվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին ընդառաջ «նախապատրաստական աշխատանքների» շրջանակում:
Հրապարակված կադրերում երևում են մարդիկ, որոնք ցուցարարների դեր են կատարում: Նրանք սևազգեստ են և պաշտպանիչ սաղավարտներով՝ այնպես, ինչպես Հոնկոնգի ցուցարարները:
«Հանրահավաքի մասնակիցները» ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, փորձել հարվածներ հասցնել մահակներով, անգամ ինքնաշեն գազային ռումբեր են նետել: Մարզումների նպատակը եղել է անկարգությունների ժամանակ ոստիկանության վարքագիծը մշակելը:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հունիսի 12-ին ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել նրանց նկատմամբ: Եվս մեկ լայնամասշտաբ ակցիա տեղի էր ունեցել հունիսի 16-ին, երբ բողոքի էր դուրս եկել շուրջ 2 մլն մարդ:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին:
Shenzhen #police drill attracted unusual attention as it features scenarios that resemble the ongoing riots in #HongKong. #香港 https://t.co/0HzpBmpLpp (Video: Shenzhen News Radio) pic.twitter.com/1pIH9ABWlO
— Global Times (@globaltimesnews) August 6, 2019










