«Ի՞նչ պետք է անել Կրեմլում, կամ գոնե դրա մերձակայքում թաղվելու համար». Տարանտինոն զբոսնել է Կրեմլում (լուսանկարներ)
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու իր նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային, հաղորդում է tass.ru-ն:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Տարանտինոյի հետ շրջայց է կատարել Կրեմլում։
Մեդինսկին Տարանտինոյին ցույց է տվել Կրեմլի ներքին տարածքը: Այնուհետև նա ռեժիսորի հետ Կրեմլի Մեծ պալատ է այցելել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեժիսորը մեծ ոգևորությամբ է արձագանքել բոլոր պատմություններին և անընդհատ հարցեր է տվել:
«Ի՞նչ պետք է անել Կրեմլում, կամ գոնե Կրեմլի մերձակայքում թաղվելու համար»,-հետաքրքրվել է Տարանտինոն:
Նրան պատասխանել են, որ դրա համար պետք է առնվազն թագավորական ընտանիքի անդամ լինել։ Ռեժիսորը նաև ցանկացել է իմանալ, թե ճիշտ է արդյոք, որ երաժիշտ Դին Ռիդը թաղված է Կրեմլի պատերի ներսում:
«Կրեմլի պատերի ներսում թաղված է գրող Ջոն Ռիդը»,- պարզաբանել է Մեդինսկին:
Նշենք, որ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան կայացել էր հուլիսի 22-ին:





















