Նիկոլ Փաշինյանը հիմնվում է այն մարդկանց վրա, որոնք կուրորեն հավատում են իրեն և հնարավորություն չունեն ստուգելու ներկայացված ինֆորմացիան. Աղասի Ենոքյան
Կառավարության ու վարչապետի ներկայացրած թվերին ու վիճակագրական տվյալներին բնակչության մեծ մասը չի էլ տիրապետում, չի ստուգում այդ ինֆորմացիան, նրանց մի մասը պարզապես ընդունում է այն թվերը, ինչ հրամցնում է իշխանությունը: Հենց այդ մարդկանց վրա էլ հիմնվում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով Կառավարության տարածած այն հայտարարությանը, թե արտաքին պարտքը նվազել է. նկատենք, որ միաժամանակ կառավարությունն, օրինակ, լռել է ներքին պարտքի ավելացման մասին:
«Այսինքն, իշխանությունը կարող է վերցնի և համեմատի իրար հետ այնպիսի ժամանակաշրջաններ, այնպիսի թվեր, այնպիսի ցուցանիշներ, որով իրենք կարող են դրական լույսի ներքո ներկայացնել, բայց իհարկե դա չի նշանակում, թե այդպիսի ցուցանիշներն իրականում խոսում են երկրի տնտեսական աճի կամ տնտեսական իրավիճակի մասին»,- ասաց Ենոքյանը:
Նրա խոսքով՝ վարչապետն իր հույսը դնում է այն մարդկանց վրա, որոնք իրեն կուրորեն հավատում են. «Այդ մարդիկ չունեն հնարավորություն կամ չեն մտածի, որ ստուգեն վարչապետի ներկայացրած թվերը: Կարծում եմ՝ սա է վարչապետի հիմանական ընտրազանգվածը, և հենց նրանց վրա էլ նա աշխատելու է: Նրանք են նրան օժանդակողների, նրա միտինգավորների սեգմենտը՝ մարդիկ, որոնք պարզապես կուրորեն հավատում են վարչապետին, և մարդիկ, որոնք հնարավորություն չունեն, ձևերը չգիտեն, թե ինչպես ստուգեն վարչապետի ներկայացրած փաստերը»:
Նրա կարծիքով՝ այս զանգվածը դեռ երկար կսատարի վարչապետին. «Հիմա եթե խնդիր է դրված՝ զանգվածին պահել իր շուրջը, ապա ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք կուրորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին, բավականին երկար ժամանակ կմնան նրա շուրջ, և շատ դանդաղ կնվազի նրանց թիվը, քանի դեռ չեն եղել ինչ-որ ճգնաժամային երևույթներ, որոնք ի ցույց կդնեն այս բոլոր թվերի, այս մանիպուլյացիաների սնանկությունը»:
Անդրադառնալով վարչապետի՝ Արցախի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Աղասի Ենոքյանը նշեց, որ դա հերթական հայտարարությունն էր՝ հենց ուղղված այն խավին, որը վարչապետից սպասում է ոչ այնքան գործողություններ, ոչ այնքան սթափ գնահատականներ, որքան ոգևորիչ բառեր. «Դրանք, իհարկե, ներքին լսարանի համար ասված բառեր են»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանն այս արտահայտության վերաբերյալ, Ենոքյանն ասաց. «Վարչապետի նման հայտարարությունն իր մեջ պրոբլեմ է պարունակում, և վարչապետը պետք է ուշադիր լինի, մանավանդ այնպիսի արտահայտություններում, որոնք արտաքին քաղաքական արձագանք կարող են ենթադրել: Իհարկե, բնական է, որ Ադրբեջանը նման պահը պետք է բաց չթողներ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի այս հայտարարության է անդրադարձել: ԱԳՆ-ից նշել են, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:










