Ղրղզստանում հատուկջոկատայինները կրկին գրոհել են նախկին նախագահ Աթամբաևի կեցավայրը, նրա կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվում են նրա կեցավայր

15:39 • 08.08.19

Ղրղզստանում հատուկջոկատայինները կրկին գրոհ են կազմակերպել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրի վրա, գրում է ria.ru-ն՝ պետության նախկին ղեկավարի շտաբին հղումով:

«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աթամբաևը գտնվում է իր կեցավայրում՝ թիկնազորի և կողմնակիցների շրջապատում:

Լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ տանը հրդեհ է բռնկվել։

Միևնույն ժամանակ, Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվում են նրա կեցավայր:

Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն է։ 

Ի դեպ, քիչ առաջ հաղորդվել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:

Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:

Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:

Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: