Ղրղզստանում պատմել են Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ժամանակ պատանդ վերցված հատուկջոկատայինների առողջական վիճակի մասին

13:31 • 08.08.19

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ժամանակ պատանդ վերցված հատուկջոկատայինների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 6 հատուկջոկատայինի: Նրանց մոտ տարբեր վնասվածքներ են. երկուսի մոտ հրազենային վնասվածքներ են, մյուսների մոտ՝ կապտուկներ, կտրած վերքեր:

Այժմ Կոյ Տաշ գյուղում, որտեղ գտնվում է Աթամբաևի կեցավայրը, հերթապահում են բժիշկների բրիգադները:

Նշվում է, որ տեղի բնակիչներից բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է 21 մարդ, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները ժամանել են Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների մոտ պատանդ պահվող հատուկջոկատայիններին բուժօգնություն ցուցաբերելու:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:

Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 43 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:

Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:

Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: