Ղրղզստանում ուժայիններին հաջողվել է ներխուժել նախկին նախագահ Աթամբաևի կեցավայրի տարածք
Ղրղզստանում ուժայիններին հաջողվել է ներխուժել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրի տարածք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նախկին նախագահի շտաբին հղումով:
Քիչ առաջ հաղորդվել էր, որ ուժայինները կրկին գրոհել են Աթամբաևի կեցավայրը:
«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- հայտարարել էր գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Աթամբաևը գտնվում է իր կեցավայրում՝ թիկնազորի և կողմնակիցների շրջապատում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ տանը հրդեհ է բռնկվել։
Միևնույն ժամանակ, Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվում են նրա կեցավայր:
Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն է։
Ի դեպ, քիչ առաջ հաղորդվել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:
Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:
Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:










