Բոլշևիկյան սադրանք էր հեղափոխական սպիտակների կողմից. Գ. Սարուխանյանը՝ քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ միջադեպի մասին

12:46 • 09.08.19

Ոչ մի մակարդակի ռևանշիստներ, լևոնասերժառոբական ոչ մի կցորդներ, ոչ մի մնացորդներ հանկարծ չփորձեն ձեռքեր տաքացնել մեր այս սրբազան հեղափոխության շարունակության վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԻՄ փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը՝ հորդորելով իրենց «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» ակցիայի վրա դիվիդենտներ չհավաքել:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ փորձ չանեն նաև սևի ու սպիտակի  բաժանել:

«Չփորձեն մեր եռագույնը պղծել ու նոր գույներ տալ, որովհետև սևերն ու սպիտակները, որ լավ քերում ես, տակից բոլշևիկյան կարմիր գույնն է գալիս: Երեկվա միջադեպը՝ քաղաքապետարանի դիմացի ակցիայի ժամանակ բախումը, պարզ բոլշևիկյան կազմակերպված սադրանք էր, սա էլ հո հեղափոխական սպիտակներն էին: Փոխանակ անդրադառնա նրան, թե ինչ խնդիր ենք բարձրացնում, ուղարկում են մարդկանց, որոնք մեղադրում են մեզ փող ստանալու մեջ: Ես մեղկում եմ այդ ուղարկված քաղաքացիներին, որովհետև նա մեծ սադրանքի մանրադրամ է, որին ուղարկել են կիզակետ»,- ասաց նա:

Սարուխանյանի կարծիքով՝ իրենց հետ երեկ բախում ունեցած անձինք ուղարկված էին քաղաքապետի կողմից: Նրա մոտ էլ այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանը միտումնավոր է աղբահանության գործընթացը տապալում:

«Խնդրի լուծումը հեղափոխության շարունակությունն է, այսինքն՝ մարդիկ ոտքի են ելել, որ նախկին քաղաքական աղբը վերացնեն, բայց այդ նախկին քաղաքական խղբի գործելակերպն այսօր շարունակվում է: Արհեստածին սև ու սպիտակի են կիսել, որ բոլորի բերանները փակեն»,- ընդգծեց Գագիկ Սարուխանյանը: