Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու ընկերությունը

10:45 • 10.08.19

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու «Մեդիա Ֆորում» ընկերությունը, հայտնում է rbc.ru-ն՝ երկրի ներքին գործերի նախարարության կայքին հղումով: 
 
Ավելի վաղ Kaktus media տեղական պարբերականը հայտնել էր, որ երկրի ուժային մարմինների աշխատակիցները կապարակնքել են Բիշքեկում «Ֆորում»-ի շենքի դռները, որտեղ գտնվում է Աթամբաևի գրասենյակը: Հենց այդտեղ է գտնվում նաև նրան պատկանող հեռուստաալիքի շենքը:
 
«Հեռուստաալիքի աշխատակիցներին 10 րոպե են տվել անձնական իրերը հավաքելու համար, ինչից հետո նրանք լքել են շենքը»,- հայտնել է թերթի լրագրողը:

Հիշեցնենք, որ Աթամբաևը երկու օր առաջ ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը: 

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել էր 98-ի:

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: