Չինաստանում 44 մարդու կյանք խլած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքները՝ ֆոտոշարով
Չինաստանի արևելյան հատվածին պատուհասած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, ևս 17 մարդ անհետ կորած է համարվում, գրում է The Guardian-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհի և 16 անհետ կորածի մասին:
Տարերքը ստիպել է իշխանություններին տարհանել ավելի քան մեկ միլիոն տեղացի բնակիչների, Չժեցզյան նահանգի աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է ավելի քան հինգ միլիոն մարդ: Թայֆունի տնտեսական վնասը, որի պատճառով հեղեղվել են ավելի քան 173 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, գնահատվում է մոտավորապես 2,1 մլրդ դոլար:
Շանդուն նահանգում, որին թայֆունը հասել է կիրակի երեկոյան, արդեն զոհվել է հինգ մարդ, ևս 7 մարդ անհայտ կորել է: Աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է ավելի քան 1,65 մլն մարդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 180 հազար մարդու: Տարերքը 175 հազար հեկտար գյուղատնտեսական հող է ոչնչացրել, ավերվել է ավելի քան 600 շենք:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ այս տարվա ընթացքում արդեն 9-րդ թայֆունը հասել է Վենլին քաղաքային շրջանի ափերին: Քամու առավելագույն արագությունը հասել է վայրկյանում 52 մետրի:
Չինաստանի կենտրոնական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ուրբաթ առավոտյան թայֆունի մոտենալու առնչությամբ տագնապի «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակ էր հայտարարել:
Չժեցզյան նահանգում դադարեցվել էր նավագնացությունը, չեղարկվել էր 288 չվերթ, մասամբ դադարեցվել էր գնացքների շարժը:










![]()










