Tert.am-ը՝ ամենակայուն զարգացող մեդիա, լավագույն հետաքննող լրատվամիջոցը՝ Hetq.am. կայացավ «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխությունը

20:32 • 15.08.19

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այսօր «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացրեց հայաստանյան մեդիադաշտի վերջին 1 տարվա ուսումնասիրության արդյունքները:

Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացված էր 9 անվանակարգ:

«Ամենակայուն զարգացող մեդիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Tert.am-ը, ամենպոպուլյար լրատվական կայք՝ News.am-ը, The best Armenian watch dogs (լավագույն հետաքննող լրատվամիջոց) անվանակարգում`Hetq.am-ը:

Քաղաքական գործիչներից ամենաքննարկվողը և ամենալուսաբանվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ամենադրական քաղաքական գործիչը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր, իսկ ամենասկանդալայինը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Սոցիալական ցանցերում լավագույն «ֆեյք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անկախ Հայաստանին: 

Ամենաճանաչված ֆոտոլրագրող անվանակարգի մրցանակը Ասատուր Եսայանցինն էր, իսկ տարվա լավագույն լրագրող ճանաչվեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում ամենօրյա մշտադիտարկման է ենթարկվել մոտ 35 լրատվական կայք:

«Սեպտեմբերից նորից սկսելու ենք մշտադիտարկումը, այս անգամ պետական մարմիններին ու դրանց լրատվական ծառայությունների աշխատանքն էլ ենք մոնիթորինգ անելու, որի արդյունքները կամփոփվեն 2020 թվականի օգոստոսին»,- ասաց Աղասի Ենոքյանը: