Կանադայում գայլը հարձակվել է վրանում քնած զբոսաշրջիկների վրա
Կանադայի «Բանֆ» ազգային պարկի ճամբարում հանգստացող ընտանիքի վրա գայլ է հարձակվել՝ փորձելով ընտանիքի հորը դուրս քաշել վրանից: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:
«Դա նման էր սարսափ ֆիլմի», - խոստովանել է տուժածի կինը՝ Էլիզա Ռիսպոլին: Ընտանիքի հայրը՝ Մեթյուն կանգնել է գայլի ճանապարհին՝ փորձելով պաշտպանել ընտանիքը: Արդյունքում կենդանին բռնել է նրա ձեռքից և որոշել տանել իր հետ:
Կինն էլ, իր հերթին, պառկել է երեխաների վրա՝ նրանց փակելով իր մարմնով և միևնույն ժամանակ փորձելով բռնել Մեթյուին ոտքից:
Բղավոցներից արթնացել է ճամբարում իրենց հարևանը, որն էլ օգնության է հասել: Վրա հասնելով նա հարվածել է գայլին, ինչից հետո կենդանին բաց է թողել Մեթյուին: Երբ գայլը դուրս է եկել վրանից, տղամարդիկ սկսել են քարեր նետել կենդանու ուղղությամբ:
Այդ ընթացքում Մեթյուի կինն ու երեխաները վազել են դեպի մեքենան: Արդյունքում նրանց հաջողվել է փրկվել: Մեթյուն մի քանի վերք է ստացել: Գիշատչին հետևել և գտել են ազգային պարկի աշխատակիցներն, ինչից հետո կենդանին սպանվել է:










