Մահացած աղջիկը վիրահատվել էր վերջերս, ոստիկանները ոչինչ չեն արել, հայրը նրան կանչել էր ինքնապաշտպանվելու համար. ուսուցիչը՝ Շատինում գրանցված միջադեպի մասին
Լուսանկարը՝ Factor.am-ի
Եղեգնաձորի Շատին համայնքում քաղաքացի Քնարիկ Հայրապետյանը դատարանի վճռով մարզպետարանի կողմից իրեն հատկացված բնակարանում ապրելու իրավունքից զրկված լինելով պայմանավորված դիմել է ոստիկանություն։ Ոստիկանները ժամանել են նրա մուտքը բնակարան արգելող Վազգեն Հայրապետյանի տուն, այդ ընթացքում մահացել է Հայրապետյանի 32-ամյա դուստրը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քնարիկ Հայրապետյանը, ով նաև հավելեց, որ հայրը սրտի ստենդավորման ենթարկված դստերն ու թոռներին փեսայի տնից բերել էր միտումնավոր՝ ինքնապաշտպանության նպատակով։
«Դատարանի վճռով որպես Շատինի դպրոցի մանկավարժ ինձ բնակարան է հատկացվել գյուղում, սակայն տարիներ շարունակ իմ մուտքն այդ բնակարան արգելել են իմ հեռու ազգականները։ Երեկ դիմել եմ ոստիկանություն, որպեսզի այսօր գային այդ բնակարան, և ես մուտք գործեի այնտեղ։ Վազգեն Հայրապետյանը, ով իմ հեռավոր ազգականն է, ինձ արգելել է մուտք գործել բնակարան, վերջերս էլ տան անդամներով սպառնացին սպանել ինձ։
Այս խնդիրների պատճառով դիմեցի ոստիկանություն, որ ինձ օգնեն, ոստիկանապետն էլ այսօր ժամանեց։ Շատ հարգանքով մտան Վազգեն Հայրապետյանի տուն և ասացին, թե ինչու ինձ չեն թողնում բնակվել ինձ պատկանող բնակարանում։ Այդ ժամանակ ընտանիքով փռվեցին հատակին ու գորգոռացին։ Աղջիկը վատառողջ էր, այդ ընթացքում, ցավում եմ, մահացավ, սիրտը վիրահատված էր»,-ասաց Հայրապետյանը։
Հարցին, թե արդյոք հրավիրվել է շտապօգնություն, Քնարիկ Հայրապետյանն ասաց, որ ոստիկաններն են հրավիրել, սակայն մեղավորը տան անդամներն են. «Իմ սենյակն ինձ չտալու համար հիվանդ աղջկան բերել էր որպես ինքնապաշտպանական միջոց։ Իսկ ես մանկավարժ եմ,յ ոթ-ութ ժամ աշխատելուց հետո ապրելու տեղ չունեմ, այն դեպքում, երբ բնակարան եմ ստացել ,դատարանի որոշում ունեմ, այդտեղ որևէ քաշքշոց չի եղել, քաղաքակիրթ խոսել են»։
Նրա խոսքով՝ իր հեռավոր ազգականները տարիներ շարունակ սպառնում են իրեն, և ինքը պարբերաբար դիմում է ոստիկանությանը, որպեսզի պաշտպանեն իրեն։
Ոստիկանությունից այս առնչությամբ Tert.am-ին հայտնեցին, որ Վազգեն Հայրապետյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ դիմել է ոստիկանություն, հանգամանքները պարզվում են։ Ինչ վերաբերում է այնտեղ ոստիկանության գնալուն, ապա լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանները նշված բնակարան են այցելել քաղաքացու գրության հիման վրա։
Նշենք, որ Շատինի բնակիչ Վազգեն Հայրապետյանը Factor.am-ին փոխանցել էր, որ այսօր՝ մինչ կեսօր, իրենց տուն են եկել Եղեգնաձորի ոստիկանության բաժնի ոստիկանները և ստիպել, որ լքեն հանրակացարանի՝ իրենց տրված սենյակներից մեկը: Վազգեն Հայրապետյանի պնդմամբ՝ արդյունքում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող իր դուստրը ուշագնաց է եղել, իսկ հիվանդանոցի ճանապարհին մահացել է, և դրա պատճառը ոստիկանության գործողություններն են։










