Սոնա Աղեկյանին քաղաքապետարանի մոտից բերման ենթարկեցին. կոյուղաջրով լի տարան նետեց քաղաքապետարանի աշխատակիցների ուղղությամբ
12:17
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Երևանի Աղյուսագործերի 86 հասցեում էր և արձանագրեց, որ մարդկանց առողջությանը լուրջ վնաս կարող է հասցվել առաջացած խնդիրը. կոյուղագիծը փակել են, առաջացել է խցանում, կոյուղաջուրը լցվել է մարդկանց տներ:
Նա լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրեն չի հետաքրքրում փակողի ով լինելն ու պաշտոնը: Նշենք, որ ըստ բնակիչների կոյուղագիծը փակողը Ռոստոմի 91 բնակիչ դատավոր Հարություն Մանուկյանն է:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դարում փակել է 4 ընտանիքի կոյուղի, որտեղ ապրում են երեխաներ: Երբ բնակիչներ նամակը կարդացի, ինձ մի պահ սա սյուրռեալիստական սյուժե թվաց, մտածեցի, որ չի կարող այսպես լինել»,- ասաց Զոհրաբյանը:
Ի վերջո, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, բնակիչներն ու Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը գնացին քաղաքապետարան: Քաղաքապետարանի ներկայացուցիչը մոտեցավ նրանց ու ասաց, որ խնդրին ծանոթ է ու այն քննարկել է պատասխանատու է Ռոստոմի 91 հասցեի բնակիչների հետ, որոնց մեղադրում են կոյուղագիծը փակելու մեջ, և ըստ այդմ ՝ փորձում են լուծումներ գտնել: Սոնա Աղեկյանը փորձում էր կոյուղաջուրը հանձնել քաղաքապետարանի ներկայացուցչին: Ի վերջո, տարան նետեց նրանց ուղղությամբ, ինչից հետո նրան բերման ենթարկեցին՝ տանելով Ոստիկանության կենտրոնի բաժին:
ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու բնակիչներն ուղևորվեցին ոստիկանություն:
12:08
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մեկ շաբաթ է, ինչ ծանոթ է Երևանի Աղյուսագործերի 86 հասցեում ապրող բնակիչների խնդրին՝ կապված կոյուղագիծ չունենալու հետ: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղում ֆիքսել են, որ կոյուղագիծն ապօրինաբար փակվել է:
«Ռոստոմյան 91 հասցեի բնակիչն ինքնիրավչություն է դրսևորել՝ խախտելով 4 տների իրավունքները: Երևանի քաղաքապետարանը՝ մեզ պարտադրված քաղաքապետի հետ, ապացուցում է, որ անմեղսունակ է և չի հետաքրքրվում բնակիչների առողջությամբ: Այստեղ համաճարակի լուրջ խնդիր կա, քաղաքապետարանն իր միջոցներով պետք է խնդիրը լուծեր, այդ հարցը չէր կարող այսքան ձգձգվել»,- ասաց նա՝ մեջբերելով օրենքի հղումները, որոնք փաստում էին, որ քաղաքապետարանն անգործությամբ է զբաղվել:
Աղեկյանի խոսքով՝ Երևանին քաղաքային իշխանությունն աչք է փակում խնդրի վրա, որովհետև Ռոստոմյան փողոցում ապրում է բարձրաստիճան անձ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը:
«Պարոն քաղաքապետ, դուք պետք է ոչ թե բեմի վրա քվե աղերսեիք՝ բեմից աջ ու ձախ թռնելով, դեմք ծամածռելով, այլ պարտադրեիք Երևանի ՏԻՄ կառավարման մասին 55-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի առաջին մասին պայմանները»,- շեշտեց Սոնա Աղեկյանը:
Վերջինս չի բացառում, որ քաղաքապետն ի զորու չէ խնդիրը լուծել, այդ պատճառով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սոնա Աղեկյանը կոյուղաջրերից նմուշներ վերցրեց, որից մեկը տանում է Քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետն առարկայորեն ծանոթանա խնդիրն, իսկ մյուսը տանում են համաճարակաբանության լաբորատորիա:










