Ճապոնիայում «Կրոսա» թայֆունի պատճառով 1700 մարդ ստիպված է եղել գիշերել օդանավակայանում
Առնվազն 1700 մարդ հարկադրված է եղել անցյալ գիշեր անցկացնել Ճապոնիայի արևմտյան Օսակա քաղաքի Կանսայ օդանավակայանում՝ «Կրոսա» թայֆունի հետևանքով չվերթների չեղարկման պատճառով, հաղորդում է tass.ru-ն՝ տեղական աղբյուրի հղումով:
Հաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցները բոլոր ցանկացողներին անվճար ջուր և քնապարկեր են տրամադրել։ Մարդկանց մի մասը տեղավորվել է սպասասրահի հատակին:
Հինգշաբթի Օսակայի օդանավակայանում չեղյալ էր հայտարարվել ավելի քան 250 չվերթ։ Այժմ ժամանումն ու մեկնումն իրականացվում է բնականոն ռեժիմով՝ բացառությամբ ժամանակացույցում աննշան փոփոխությունների։
Հաղորդվում է, որ Ճապոնիայում թայֆունի հետևանքով առաջացած ուժեղ անձրևների և փոթորկի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 49-ը տուժել են: Թայֆունը կաթվածահար է արել օդային և երկաթուղային հաղորդակցությունը:
«Կրոսա»-ն դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում առաջացած տասներորդ թայֆունը: Այժմ արևադարձային փոթորիկը գտնվում է Ճապոնական ծովում և շարժվում է Հոկայդո կղզու ուղղությամբ: Քամու արագությունը նրա կենտրոնական մասում կազմում է վայրկյանում 25 մետր։










