Պետք է ինքներդ վայելեք այդ գարշահոտությունը, մենք պարտադրելու ենք ձեզ շնչել այդ հոտը. Սոնա Աղեկյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)
14:23
Ականատես եղաք նրան, որ ունենք խնդիր, որին քաղաքային իշխանությունները վախենում են ականջալուր լինել: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից քիչ առաջ ազատ արձակված Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
«Մեր «մեծարգո» ու մեզ պարտադրված քաղաքապետին տարանք կոյուղաջուր, որ ինքը զգա գարշահոտությունը, քանի որ ինքն էր բեմի վրա ցատկոտում ու ասում, որ լինելու է ականջալուր ու ժողովրդավար քաղաքապետ: Հիմա վախեցած է ու սեղանի տակից դուրս չի գալիս, երբ խնդիր ենք բարձրաձայնում, խնդրի պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը»,- ասաց նա:
Աղեկյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց, որ եթե նա արժանապատվություն ու քաղաքացիական գիտակցություն ունի, ապա պարտավոր է րոպե առաջ անձամբ ներկայանալ Աղյուսագործների 84-86 հասցե:
«Պետք է ինքներդ վայելեք այդ գարշահոտությունը, մենք պարտադրելու ենք ձեզ շնչել այդ հոտը, հակառակ դեպքում՝ երկուշաբթի օրը մի քանի դույլով անձամբ եմ բերելու ու ցփնեմ քաղաքապետարանի շենքին: Որպես ձեզ հովանավորի կարող եք բերել նաև վարչապետին, որ մյուս անգամ «ՀՀ հպարտ քաղաքացի» բառն արտաբերելիս հասկանա, որ դրանք լոկ բառեր չեն»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Երևանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի:
«Նա ցավեցրել է իմ ձեռքը, ապօրինաբար ձեռքս ոլորել է, ինչի արդյունքում էլ թափվել է փորձաքննության նմուշը: Հիմա գնում եմ դատաբժշկի մոտ»,- շարունակեց Սոնա Աղեկյանը:
13։47
Սոնա Աղեկյանը դուրս եկավ ոստիկանության Կենտրոնի բաժնից։
12:52
Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հավաքված քաղաքացիներին, ովքեր սպասում են Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ազատ արձակմանը, մոտեցան նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանցից Մարկոս Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք կգնան ու տեղում կծանոթանան խնդիրն, կփորձեն լուծում տալ՝ բարձրաձայնելով հարցը ավագանու նիստերին:
12:47
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հավաքված քաղաքացիներին վտահեցրեց, որ քիչ անց Սոնա Աղեկյանին Ոստիանությունն ազատ կարձակի:
«Մենք ոստիկանության բաժնի պետի հետ զրուցեցինք, հիմա բերման ենթարկված քաղաքացու հետ որոշակի պարզաբանական գործողություններ կարվեն, և Սոնան դուրս կգա: Մենք ասացինք, որ ներկա ենք գտնվել միջադեպին, պատրաստ ենք վկայություն տալ և այլն»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը Երևանի Աղյուսագործների 86 հասցեի բնակիչներին վստահեցրեց, որ հիմա գործընկեր Վահե Էնիֆիաջյանի հետ գնում է ԱԺ, որպեսզի խնդրի մասին ահազանգի առողջապահության նախարարին և քաղաքապետին: Ինչ վերաբերում է իրավիճակի ընդհանուր գնահատականին, Զոհրաբյանը շեշտեց, թե փաստվեց՝ քաղաքային իշխանություն չկա:
«Պարալիզացված քաղաքային իշխանություն. քաղաքային իշխանություն՝ որպես այդպիսին, չկա, սա է իմ միակ գնահատականը: Բայց սա չի նշանակում, որ քաղաքի խնդիրներով մտահոգ մարդիկ պետք է ձեռքերը ծալած նստեն՝ ասելով, որ քաղաքային իշխանություն չկա: Եթե քաղաքային իշխանություն չկա, դեռ չի նշանակում, որ Երևանը պետք է վերածվի աղբաքաղաքի, կոյուղաքաղաքի: Ցավոք, մեր հնարավորությունները սակավ են, սակավ են մեր քաղաքացիների՝ «դմփ-դմփ-հու»-ի տակ արած ընտրության արդյունքում»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ Աղյուսագործների 86 հասցեում խնդիրն արդեն 4 ամիս է առկա է: «Քաղաքային իշխանություններին դիմումներով, սահմանված կարգերով դիմել են, բայց լռություն է տիրում, որևէ գործողություն չի կայացվել»,- ընդգծեց Էնֆիաջյանը:
12:05
Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիք՝ մոտ 20 բնակչով, զրկվել են կոյուղագծից։
Բնակիչների խնդրին տեղում ծանոթացել էին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան ու Վահե Էնֆիաջյանը:
Բնակիչները պատրաստվում էին բողոքի ակցիա են իրականացնել քաղաքապետարանի մոտ, սակայն ոստիկանները Սոնա Աղեկյանին տեղափոխել են Կենտրոնի բաժին։










