Երևանի բնակիչները խաբված են, որովհետև հավատացել են «ռեկլամներին», աղբի կույտերը փորձանք են դարձել երևանցիների համար. ավագանու ԲՀԿ խմբակցություն
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Միքայել Մանրիկյանը, Հռիփսիմե Առաքելյանը,Արմեն Ներսիսյանը և Մարկոս Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան քաղաքային իշխանության կատարած աշխատանքին, Երևանի գլխավոր խնդիրներին:
Հռիփսիմե Առաքելյանն այսօրվա ամենալուրջ խնդիրը համարեց աղբահանությունը: «Աղբի կույտերը փորձանք են դարձել երևանցիների համար: Մենք «Սանիթեքի» հետ ենք բանակցել, խոսել, նաև քաղաքային իշխանության հետ ենք քննարկել խնդիրը»,-ասաց նա:
Ըստ ավագանու անդամի՝ այսօր քավության նոխազ է դարձել «Սանիթեքը»:
Հաջորդ խնդիրը Հռիփսիմե Առաքելյանը համարեց քիմիկատների գերեզմանոցը, որ խնդիր է առաջացնում Երևանի օդի աղտոտվածության համար:
Արմեն Ներսիսյանը, անդրադառնալով Արցախի տասը հասցեում գտնվող շենքի բնակիչների խնդրին, ասաց, որ հանդիպել է բնակիչներին, որոնք հուսալքված էին: «Նրանք անմարդկային պայմաններում էին ապրում և անհաշտություն կար քաղաքապետի և նրանց մինչև»,-ասաց նա և նշեց, որ արդյունքում հասել են նրան, որ 160 ընտանիք բնակարան է ստացել: Չնայած դրան՝ նա նշեց, որ ծայրահեղ վիճակում գտնվող բնակարանները ևս շարունակում են գոյություն ունենալ:
«Քաղաքային իշխանություններին ինչ հարցով դիմում ես, ասում են՝ մենք այդ մասին գիտենք, սակայն սայլը տեղից չի շարժվում: Երևան քաղաքի բնակչները խաբված են, երևանցին իրականում խաբվել է, որովհետև հավատացել է ռեկլամներին և խիստ վիրավորված է քաղաքային իշխանություններից, որոնք չեն գնում բնակիչների հետ հանդիպման: Երևանցիներն ասում են՝ հավատացինք, բայց այսօր համաճարակ է քաղաքում, Երևանում քաոս է»,-ասաց նա:
Միքայել Մանրիկյանն ասաց, որ խնդիր կա նաև վերելակների հետ, քանի որ սկզբում քաղաքային իշխանությունները բյուջեն կրճատեցին, և միայն ընդդիմության հորդորներից հետո մի փոքր ավելացրին: «Քաղաքային իշխանություններն իրենց հարմարավետ աթոռներից դուրս չեն գալիս, հատկապես ոչ կենտրոնական վարչական շրջաններ: Այո, երևանցիները խաբված են քաղաքային իշխանությունների ընտրությունից»,-ասաց նա: Նա, իր խոսքը ուղղելով քաղաքային իշխանություններին, նշեց, որ նախկիններին մեղադրելով չեք կարող կառուցել ներկան:
Մարկոս Հարությունյանն ավելացրեց, որ իրենք բազմաթիվ խորհուրդներով հանդես են եկել: «Սակայն քաղաքային իշխանությունները դրանք չեն ընդունել, իսկ հետո հասկացել են, որ մենք ճիշտ ենք»,-ասաց նա: Անդրադառնալով վթարային շենքերին՝ նա առանձնացրեց Աջափնյակ վարչական շրջանը և նշեց, որ այնտեղ չկա ոչ վթարային ոչ մի շենք: Նա նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ տասից ավելի շենք է կառուցել և այդ առումով ներկայիս իշխանություններին կոչ արեց սովորել նախկիններից:
«Այնպես չէ, որ նախկինում միայն վատ բաներ են եղել»,-ասաց նա:










