Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզի քննարկման վերջին օրն է, այն կհրապարակվի, կուղարկվի նաև Վենետիկի հանձնաժողով. Ռուստամ Բադասյան
Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզը դրված է քննարկման, այսօր քննարկման վերջին օրն է և կհրապարակվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Գիտեք, որ անցումային արդարադատության ճանապարհային քարտեզը դրված է քննարկման, այսօր քննարկման վերջին օրն է, ամփոփվում է, թարգմանվելու է, ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի համար, որովհետև նման պայմանավորվածություն կար, ուղարկվելու է Կառավարություն, գալու է Ազգային ժողով սահմանված օրակարգով»-ասաց նախարարը:
Հարցին, թե այդ նախագծում նաև վեթթինգի սահմանու՞մն է տված, Ռուստամ Բադասյանն ասաց. «Կա գույքային դրությունը ստուգելու մեխանիզմ, որը ներդրվել է, հետագայում հնարավոր է՝ հարակից օրենքներով տարբեր գործիքներ լրամշակվեն»,-ասաց Արդարադատության նախարարը:
Նախարարն ասաց, որ քննադատություններին հետևել են, անցումային արդարադատության գաղափարից չեն հրաժարվի:










