Ախմադ Քադիրովի հայրենի գյուղը նրա անունով է վերանվանվել

23:51 • 26.08.19

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ախմադ Խաջի Քադիրովի՝ Կենտրոնական Մուրչալոևսկի շրջանում գտնվող հայրենի գյուղը Ախմադ-Յուրտ անվանափոխելու մասին հրաման է ստորագրել: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս նախագահ, առաջին նախագահի որդի Ռամզան Քադիրովը:

«Այսօր վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ինձ շատ ուրախալի լուր հայտնեց: Նա ստորագրել է իմ հայրենի գյուղն Ախմադ-Յուրտ վերանվանելու մասին փաստաթուղթը: Որոշումն ուժի մեջ է մտել»,- գրել է Քադիրովը:

Գյուղն անվանափոխելու նախաձեռնությամբ դրա բնակիչներն առաջին անգամ հանդես էին եկել մայիսին: Այդ ժամանակ գյուղի պատգամավորների խորհուրդը, ավելի ուշ՝ Չեչնիայի Հանրապետության խորհրդարանն աջակցել էին գաղափարին:

Նրա խոսքով՝ սա մեծ իրադարձություն է, որը վկայում է երկրի ղեկավարության՝ իր հոր հիշատակին նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքի մասին:

Ախմադ Խաջի Քադիրովը հանրապետության ղեկավար է նշանակվել 2000թ.-ին՝ ՌԴ նախաագհ Վլադիմիր Պուտինի հրամանով: 2004թ.-ին նա զոհվել է ահաբեկչական հարձակման հետևանքով՝ «Դինամո» մարզադաշտում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ:

Քադիրովին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել Չեչնիայի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած հերոսության և խիզախության համար: