Չեմ կարծում, որ մեր հասարակությունը այն մակարդակին է, որ Գագիկ Խաչատրյանի տանը կատարվող խուզարկությամբ կարող է շեղվել Ամուլսարի թեմայից. Գևորգ Պետրոսյան

17:44 • 27.08.19

Չեմ կարծում, որ մեր հասարակությունը այն մակարդակին է, որ Գագիկ Խաչատրյանի տանը կատարվող խուզարկությունը կարող է շեղել Ամուլսարի թեմայից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը`անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի դեպքը մասնավոր դեպք է: «Ես իրավունք չունեմ կասկածի տակ դնել Ազգային անվտանգության ծառայության գործողությունները,  քանի որ ես դրա համար պետք է ունենամ բավարար փաստեր»,-ասաց Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ այս պահին ճիշտ չէ տալ քաղաքական գնահատական:

«Ամուսլարի թեման համաժողովրդական թեմա է, իսկ Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությունը անձնական բնույթի հարց է: Մեկը մյուսի հետ չպետք է խառնել: Ամուլսարի թեմայի հանգուցալուծման ամենաճիշտ եղանակը համաժողովրդական քվեարկությունն է, թող ժողովուրդը ընտրի, որ տարբերակն է իր համար ընդունելի, ինչպես են ուզում ապրել` Ամուլսարը տեսնելով հա՞նք, թե՞ որպես սար: Առավել ևս, որ ժողովրդական բացարձակ իշխանության մասին տարիներ շարունակ թմբկահարում է կառավարության ղեկավարը` ասելով, որ կառավարության դռները, Ազգային ժողովի դարպասներն էլ ժողովրդինն է»,-ասաց նա և նշեց, որ Ամուլսարն էլ չպետք է բացառություն լինի, իսկ իշխանությունն այդպիսով իրեն կապահովագրի ապագա մեղադրանքներից:

Ըստ պատգամավորի` ժողովուրդը սկսել է սթափ գնահատել կառավարության գործողություները և հասկանում է, որ նման թեմաներով մեծամասնությունը չի կարող շեղվել Ամուլսարից:

Ինչ վերաբերում է կոնկրետ Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությանը, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե խուզարկության կատարման հիմքը ինչն է հանդիսացել, ինչ մանրամասներ կան: Չունենալով այդպիսի տվյալներ՝ որևէ մեկը իրավունք չունի դատողություններ անել: Հիմա ես ի՞նչ իմանամ՝ ինչ օպերատիվ ինֆորմացիա է հայտնվել, որ դատարանի հիմքով խուզարկություն անելու ճանապարհն է ընտրվել»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ եթե վաղը, մյուս օրը պարզվի, որ խուզարկություն կատարելու հիմքեր չեն եղել,  կտան քաղաքական, իրավական գնահատական, բայց ներկայումս կարծիք հայտնելու կարիք չի տեսնում: