Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել. Արայիկ Հարությունյան

12:26 • 27.08.19

Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե որոշ ուսանողներ ստորագրահավաք են սկսել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարը պատասխանեց. «Նորմալ է, ես շատ ուրախ եմ, որ ԲՈւՀ-ական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել  և դրա համար չհետապնդվել  ու ազատ լինել իրենց գործողության մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե ուսումնական տարվա սկզբին արդյո՞ք սա չի խանգարի  դասախոսներին և ուսանողներին, նախարարն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի կարծում, որ գործընթացները կարող են խոչընդոտել: Նրա խոսքով՝ ԲՈւՀ-երը նորմալ կաշխատեն:

Իսկ թե ինչ հանգուցալուծում է տեսնում այս հարցում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երբ ամեն ինչ կնյութականացվի, այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ,  այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»,- եզրափակեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում