Իմ դեմ դատական հայցը ոչ թե քաղաքապետն է ներկայացրել, այլ վարչապետը, ում արժանապատվությունը ոտնահարվել է. Սոնա Աղեկյան

18:11 • 27.08.19

Համապատասխան պատկան մարմինները հանցավոր անգործություն են դրսևորում, որևէ մեկը համաճարակի վտանգի մասին չի խոսում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի դատական հայցին իր դեմ: 

«Դատական հայցը պարոն Հայկ Մարությանի կողմից սևով սպիտակի վրա գրված է ընդամենը: Սակայն դատական հայցն իմ դեմ ներկայացրել է պարոն Նիկոլ Փաշինյանը, ում արժանապատվությունը ոտնահարվել է այն հանգամանքից, որ մենք աղբամանների վրա սկսել ենք փակցնել «Իմ աղբը» վերնագրով պաստառները»,- ասաց Աղեկյանն ու հավելեց, որ պաստառներ փակցնելու ակցիաները չեն ավարտվելու, մինչև չմաքրվեն:

Աղեկյանի խոսքով՝ Հայկ Մարությանը խուսափում է պատասխանատվությունից և համարձակություն չունի երևանցիների աչքերին նայելու, քանի որ իրավիճակին չի տիրապետում: Նա հիշեցրեց, որ ակցիայի ժամանակ քաղաքապետի լուսանկարը փակցրել են աղբամանի վրա, քանի որ թիվ մեկ պատասխանատուն նա է: Հավելեց՝ որևէ գործողություն թաքուն չեն արել, ուղիղ եթերով ցույց են տվել:

«Քանի որ մեզ պարտադրեցին որպես քաղաքապետ ընտրել մի անձի, ով չունի քաղաքական փորձառություն ու անցած ճանապարհ, այստեղ պատասխանատվություն կրում է այն մարդը, ով երաշխավորել և պարտադրել է, որ բոլորը պետք է ընտրեն այդ անձնավորությանը»,- նշեց նա:

Անդրադառնալով իրենց ակցիաների դեմ ոստիկանական միջամտությանը՝ Սոնա Աղեկյանը ներկայացրեց, որ կոշտ կերպով և առանց պահանջ ներկայացնելու բերման են ենթարկել իրեն և նախաձեռնության մյուս անդամակիցներին:

Աղեկյանտ վստահեցնում է նաև, որ Երևանին աղբահանության բացակայության պատճառով  համաճարակի վտանգ է սպառնում:

«Համապատասխան պատկան մարմինները հանցավոր անգործություն են դրսևորում, որևէ մեկը համաճարակի վտանգի մասին չի խոսում։ Երևանի աղբահանության, սանմաքրման թիվ մեկ պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է՝ հանձինս Երևանի ավագանու, քաղաքապետի»,- ասաց ավագանու նախկին անդամը։