Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից. ԱԳ նախարար
Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթեց աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերջին շրջանում ձևավորված հոռետեսությանը: Այս մասին այսօր անցկացվող «Արժեքներ փոփոխության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ համաժողովի նպատակը հայկական դիվանագիտության առաջնահերթությունները հստակեցնելն է:
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունը այն իրողությունն է, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր, այլ ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաժողովը։










