Բրազիլիան կհրաժարվի «Մեծ յոթնյակի» անդամ երկրների կողմից տրամադրվող գումարից, որը նախատեսված է Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարին
Բրազիլիայի կառավարությունը կհրաժարվի ֆինանսական այն օժանդակությունից, որն առաջարկել էին «Մեծ յոթնյակի» (G7) երկրները` Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է TACC-ը` վկայակոչելով Հարավային Ամերիկայի նախագահի Քաղաքացիական գրասենյակի ղեկավար Օնեքս Լորենցոնիի հայտարարությունը:
«Հնարավոր է, ֆինանսական այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելու համար: Մակրոնը չկարողացավ խուսափել Նոտր Դամում բռնկված հրդեհից և դեռ մտադիր է մեզ ինչ-որ բա՞ն սովորեցնել: Նա դեռ շատ գործեր ունի տանը` Ֆրանսիայում»,- ասել է քաղաքական գործիչը:
Լորենցոնին կարծիք է հայտնել, որ Բրազիլիան «կարող է սովորեցնել» ցանկացած երկրի, թե ինչպես պետք է պահպանել անտառները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, 22 մլն դոլար կտրամադրեն անտառային հրդեհների դեմ պայքարին: Մակրոնը հստակեցրել է, որ ֆինանսավորումն «անմիջապես» հասանելի կլինի և հիմնականում ուղղված կլինի ավելի շատ հրշեջ ինքնաթիռների ներգրավմանը:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, որը վերջին օրերին Մակրոնի հետ հանրային վեճի մեջ է մտել, նրան մեղադրել էր «Ամազոնի նկատմամբ անխոհեմ և անհիմն հարձակումների» համար: Նրա խոսքով՝ Մակրոնն իր մտադրությունները թաքցնում է G7-ի դաշնակցության գաղափարի ետևում և փորձում է փրկել Ամազոնի անտառները, ասես իրենք «գաղութ կամ անտեր հող» լինեն:










