Ուղևորն օգնել է երկրորդ օդաչուին` Boeing 757-ի արտակարգ վայրէջքի հարցում
Բրիտանական Jet2 ավիաընկերության օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատացել է, որից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարելու հարցում երկրորդ օդաչուին օգնել է Jet2 ավիաընկերության մեկ այլ օդաչու, որն ուղևորի կարգավիճակում գտնվում էր օդանավում և մեկնում էր հանգստի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ Boeing 757 ինքնաթիռը Մանչեսթերից ուղևորվում էր Ֆունշալ` Մադեյրա կզղու գլխավոր քաղաք: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պորտուգալիայի Պորտու քաղաքի օդանավակայանում: Օդաչուն, ում ինքնազգացողությունը վատացել է, սայլակով և թթվածնային դիմակով դուրս է բերվել օդանավից:
Ավիաընկերության մամուլի քարտուղարը հաստատել է, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Նա միայն տեղեկացրել է, որ ուղևորները հնարավորինս արագ հասել են նախատեսված վայր:










