Երբ ձեր խմբագրությունում քննարկում են կորպորատիվի հարցը, չհամաձայնողը դո՞ւրս է գալիս, Ամուլսարի հարցով ոչ ոք մանդատը վայր չի դնելու. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ամուլսարի հարցը խմբակցության որոշելիք հարց չէ, կառավարության որոշելիք հարցն է. երբ որ եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք: «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարց չէ, մասնագիտական ոլորտում է գտնվում: Հիմա ամեն պատգամավորից առանձին կարծիք եք վերցնում, ապա մյուսին հակադրում, փորձում լուր ստանալ, բայց դրանից հարցը չի լուծվում. դա լավ ինտրիգ է մի լավ վերնագիր գրելու համար: Հարցը մասնագետների ոլորտում է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական ուժի ներսում կարող են տարբեր կարծիքներ լինել:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ իր գործընկները լիակատար աջակցություն են հայտնում վարչապետին: «Հարցը վարչապետը ուղարկել է նախարարություն, որպեսզի իրենց եզրակացությունը տան, որից հետո մենք մեր կարծիքը կասենք»,-ասաց նա:
Նա չհերքեց, որ խմբակցությունում տարակարծություններ կան հարցի շուրջ, բայց նշեց, որ այդ ֆոնին պառակտում հնարավոր չէ:
«Նորմալ է, որ խմբակցության ներսում հարցի շուրջ որևէ մեկը այլ կարծիք ունի և դա չի ենթադրում, որ որևէ մեկը մանդատը պետք է վայր դնի, եթե չհամընկնի կառավարության դիրքորոշմանը: Նրանց հետ ոչ մի ձև չենք վարվելու, որովհետև նույն հարցի շուրջ մյուս կողմն է դեմ արտահայտվել»,-ասաց նա:
Իսկ հարցին՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով քննարկվո՞ւմ է տարբերակ, որ հանրաքվե անցկացվի, Սիմոնյանը նշեց՝ օրենքը թույլ չի տալիս այսօրվա օրով հանրաքվե անցկացնել:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր հարցերում էլ նման քննարկումներ կան. «Քննարկում ենք՝ ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում՝ ասում եք՝ կնոպկա սեղմող են»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ մանդատը վայր դնելու հարց առաջանա, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ինչո՞ւ պետք է հրաժարվեն մանդատից, երբ ձեր խմբագրություններում քննարկում եք, թե որտեղ անցկացնել ձեր ամանորյա կորպորատիվը, մեկն ասում է՝ մի տեղ, մյուսը՝ այլ տեղ, ինչ-որ մեկը հրաժարվում, խմբագրությունից դո՞ւրս է գալիս: Խոսում ենք, քննարկում ենք»:
Դիտարկմանը, թե Ամուլսարը կորպորատիվի քեֆ չէ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ներողություն եմ խնդրում բերված օրինակից, դուք օրինակ բերեք: Յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի նրանով, որ մեկը մանդատը դնի ու գնա՞: Ոչ ոք մանդատը չի դնելու, խմբակցությունը կա և գործելու է»:










