Ալեքսանդր Դրուզը Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վրաերթի է ենթարկել հեծանվորդի (լուսանկարներ)

16:06 • 28.08.19

Ռուսական հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը Սանկտ Պետերբուրգում վրաերթի է ենթարկել հեծանվորդի: Այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Նևսկի և Վլադիմիրսկի պողոտաների խաչմերուկում: Սոցցանցերում հրապարակված լուսանկարում երևում է, որ վթարը տեղի է ունեցել հետիոտնային անցումի վրա:

Նախնական տեղեկություններով՝ հեծանվորդը լուրջ վնասվածքներ չի ստացել, վթարի մեղավորին կպարզի ճանապարհային ոստիկանությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալեքսանդր Դրուզը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: Նա միայն հայտնել է, որ ամեն ինչ կարգին է:

Ընդ որում՝ «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ տեղի ունեցածն «ավտովթար» չէ:

«Ոչ, ոչ, ոչ մի մեկնաբանություն: Ոչինչ չի պատահել: Ամեն ինչ կարգին է»,-այս մասին էլ նա ասել է РЕН ТВ-ին: