Նովոսիբիրսկում փլուզվել է վերակառուցվող շենքի պատը, բանվորները փլատակների տակ են մնացել (տեսանյութ)

12:32 • 28.08.19

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել է վերակառուցվող երկհարկանի շենքի պատը, փլատակների տակ մի քանի մարդ է հայտնվել, հաղորդում է ria.ru-ն՝ մարզային արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին հղումով:

Նախնական տվյալներով՝ մեկ բանվոր է զոհվել, ևս մեկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ են մնացել ևս երկու քաղաքացի: Փլատակների տակից դուրս բերվածների ճշգրիտ թիվը չի նշվում:

Սիբիրյան կառուցապատող ընկերությունը, որը զբաղվել է կառուցապատման աշխատանքներով, հայտնել է, որ շինհրապարակում եղել է ընդհանուր 8 մարդ, որոնցից երեքին հաջողվել է խուսափել պատահարից:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:20-ին:

Պատից բացի, փլվել են նաև տանիքի ծածկերը: Իրավապահների վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել խողովակաշարերի նորոգման ժամանակ: Դեպքի վայրում աշխատում է 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա: Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ: