Կոնգրեսականները կրկին Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ

10:56 • 28.08.19

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների ֆոնին երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ: Այդ մասին հայտարարությամբ հանձնաժողովը հանդես է եկել Twitter-ում:

«Նախագահ Թրամփ, դուք պետք է պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի դեմ C-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար, ինչպես դա պահանջում է ամերիկյան օրենքը: Թուրքիայի շահերին լավագույնս ծառայում է ԱՄՆ-ի, այլ ոչ թե Կրեմլի հետ գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի այդ հանձնաժողովում արդեն կոչ էր արվել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ C-400-ի գնման պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Մոսկվան սկսել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի բաղադրիչների մատակարարումն Անկարա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: