Բորիս Ջոնսոնը հայտարարել է Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը, ինչը զգալիորեն նվազեցնում է այն շանսերը, որ պատգամավորները ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն, գրում է ria.ru-ն:
«Վարչապետը խոսել է Նորին Մեծություն թագուհու հետ և խնդրել է ընթացիկ խորհրդարանական նստաշրջանն ավարտել նիստի երկրորդ շաբաթում: Կուսակցական խորհրդակցությունների ավանդական շրջանի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կսկսվի թագուհու ելույթից հետո՝ հոկտեմբերի 14-ին»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ:
Ինչպես հայտնի է՝ Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին:
Աղբյուրը հաղորդում է, որ արձակուրդից խորհրդարանականները կվերադառնան սեպտեմբերի 3-ին, որից հետո նրանք ընդամենը մի քանի օր կունենան ԵՄ-ից՝ Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալուն խոչընդոտելու համար:
Brexit-ի գործընթացն այս պահին, ինչպես հաղորդում է աղբյուրը, փակուղի է մտել: Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գա մինչև հոկտեմբերի 31-ը: Երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ բանակցությունները ԵՄ-ի հետ շարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը:










