Փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել են  եզրահանգման և մեղադրանք առաջադրել․ Դավիթ Անանյանը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ

14:39 • 29.08.19

Ազգային անվտանգության ծառայության քննչական գործողություններ իրականացնող  նախաքննության մարմինը շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել` ձեռք բերելով որոշ փաստաթղթեր, այդ թվում Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Այդ փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել են եզրահանգման և մեղադրանք առաջադրել»,- նշեց Անանյանը:

Անանյանն ասաց, որ շատ տվյալներ չի կարող ասել՝ նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով, մեղադրանքի ամբողջ ծավալից տեղյակ չէ և հավելեց, որ  ՊԵԿ-ը նախաքննական մարմնին աջակցել է փաստաթղթեր տրամադրելով:

Լրագրողների այն հարցին, թե այլ թվականների տվյալներ պահանջել է ԱԱԾ-ն, թե ոչ, Անանյանն ասաց, որ չի կարող ասել: «Ես հիմա ձեզ չեմ ասելու, թե ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել: Նախաքննության գաղտնիության սկզբունք կա, ես ի՞նչ ասեմ, թե ինչ են ուզել: Ես շատ ոգևորված եմ ձեր պրոֆեսիոնալիզմով, բայց այդ դեպքում տեղեկություն չեմ կարող տալ ձեզ»,- ասաց նա: