Բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի թույլտվություններ էր տվել ձկնաբուծարաններին. գլխավոր դատախազ
Ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել, և քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի իրականացրել են ձկնարտադրությունը: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ապօրինի այն իմաստով, որ համապատասխան փորձաքննություն չի անցել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ: Արդեն իսկ պատճառված ահավոր վնասների մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ պետք է հասկանալ ինչ իրավիճակ է:
Դատախազը նշեց, որ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով:
Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչ պետք է անել: «Շատ բարդ իրավիճակ է ստացվում, եթե այդ երկու հարյուրն էլ գործող տնտեսություն է: Դա նշանակում է՝ այդ տնտեսությունները բռնել, փակել»,-ասաց վարչապետը, իսկ Արթուր Դավթյանը առաջարկեց իրականացնել գործողություններ, որ վերահսկելի լինի ոլորտը:
Վարչապետն ասաց, որ պետք է քննարկել այս հարցը հասկանալ, քանի որ շատ նուրբ իրավիճակ է:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ դատախազության հետ աշխատում են. «Մի քանի տնտեսությունների մասով միանշանակ է, որ փորձաքննության ենթակա են և տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացնելու մասով արձանագրությունները ուղարկվել են տեսչական մարմիններ»:
Վարչապետը կոչ արեց քննարկել հարցը և ևս մեկ անգամ ընդգծեց՝ 200 տնտեսությունը մեր զգալի թիվ է:










