Մյունխենի օդանավակայանում վթարային ելքով դուրս եկած ուղևորի պատճառով առնվազն 190 չվերթ է չեղարկվել
Գերմանիայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում՝ Մյունխենի օդանավակայանում, ուղևորը անձնագրի ստուգում անցնելու փոխարեն տերմինալից դուրս է եկել վթարային ելքով, ինչն օդանավակայանի աշխատանքի ժամանակավոր կասեցման է հանգեցրել, հաղորդում է Fox News-ը:
Խոսքը 20-25 տարեկան իսպանացի ուղևորի մասին է, որը ժամանել էր Բանգկոկից և պետք է երկրորդ ինքնաթիռով Մադրիդ թռչեր: Նա անձնագրային ստուգումներ անցնելու փոխարեն բացել է վթարային դուռը և դուրս եկել՝ չնայած տագնապի ազդանշանին:
Իսպանացին ձերբակալվել է: Նրան փնտրելու գոծընթացը շուրջ 5000 ուղևորի ծրագրեր է խախտել, չեղարկվել է առնվազն 190 չվերթ: Ոստիկանական գործողության ժամանակ երկու տերմինալ է փակվել, որոնք ժամեր անց կրկին բացվել են:
Ոստիկանության խոսքով՝ միջադեպը սխալի արդյունք է, և տղամարդը, հավանաբար, պատասխանատվության չի ենթարկվի:










