Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան կապիկություն, վաղը նա դուրս է գալու. Գուրգեն Եղիազարյան
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հետո ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել հասարակությանը, բացի մի բանից՝ եթե Նիկոլ Փաշինյանը թատերական ներկայացում բեմադրի իր մահափորձի հետ կապված. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով համոզված է՝ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հասարակության ուշադրությունը շեղելու համար էր:
«Այդ ներկայացումն էլ խորհուրդ չեմ տա, որովհետև ոստիկանները կամ ով պետք է անի դա, այդքան վստահ չենք նրա պրոֆեսիոնալության մեջ»,-ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն ուշացած է և արդյունք չի տալու:
«Նիկոլ Փաշինյանը նախկին համակարգում հարստացածների հետ լեզու է գտնում և այս անգամ էլ երևի լեզու գտնեն. մենք չենք իմանա ինչքան փող մուծվեց Գագիկ Խաչատրյանը սև դրամարկղին»,-նկատեց նա:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, Փաշինյանին մեղադրեց կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ մամուլում նշված 200 մլն դոլարը, որը Գագիկ Խաչատրյանը վճարել է պետությանը, Փաշինյանը գրպանել է:
Նա նախ նշեց, որ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին շատ են խոսել, որից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր. «Այսօր խրոխտ գնում են այդ մարդու տուն, խուզարկություն են անում տարիուկես հետո: Բացի այդ, ասացին, որ 200 մլն դոլար օգնել է հանրապետությանը, հետո էլ Նիկոլն ասաց, որ այդ գումարները չեն դնում բյուջե, զենք ենք առել...շատ բան ես արել, դա ուղիղ կոռուպցիա է, այն որ ասում էր, որ ով կոռուպցիայով զբաղվի՝ կբռնեմ, կնսեմացնեմ. դե քեզ մի հատ նսեմացրու, որովհետև այսօր դու առաջին կոռուպցիոներն ես... ոչ մեկի մտքով չի անցել, որ 200 մլն դոլարը վերցնի, դնի գրպանը և ասի զենք եմ առել»,-ասաց նա:
Եղիազարյանի խոսքով՝ այդ գումարը կարող էին դնել բյուջե և հանրությանը ներկայացնել թափանցիկ ձևով, թե ինչպես են ծախսել. «Պետք է դնեիր բյուջե, «ժող ջան»-ը և «հպարտ»-ը միասին նայեր, տեսներ, ծափ տար և ասեր՝ այս ինչ լավ էր, Նիկոլ: Բայց դրել ես, հավանաբար, բարձիդ տակ, ի՞նչ իմանանք, այդ ինքնաթիռն ինչքանո՞վ ես առել, ի՞նչ ռեսուրսով ես առել»:
Բացի այդ, Եղիազարյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է որոշվել, որ Խաչատրյանը հենց 200 մլն դոլար պետք է տար. «Բայց ո՞վ է որոշել՝ ինքը քանի միլիոն տա: Էտ ի՞նչ հաշվարկ է, եղո՞ւնգ եք նայում, որ փող եք ուզում, թե՞ զառ եք քցում»:
Ըստ նրա, մյուս նախկին պաշտոնյաներից ու գործարարներից առգրավված գումարներից ևս հաշվետվություն չկա. «Էն Սաշիկի 30 մլն-ը, Նիկո՛լ, այդպես էլ չտեսանք: Դա՞ էլ է բարձիդ տակ դրած, որտե՞ղ են այդ գումարները և քանի՞ տենց միլիոններ եք լափել: Երկու տարի առաջ լիներ, քեզ պատռել էիր, պատեպատ էիր խփել, թե ուր են այդ փողերը. ո՞ւր են, Նիկո՛լ, էտ փողերը»,-ասաց նա:
«Վաղն էլ այդ մարդուն բաց ես թողնելու, խոսքերս հիշի՛ր, ինչ որ տեսնում եմ քո քայլերը, այդ տղան դուրս է գալու, այդ 200 մլն դոլարանոց տղան և բավական է «ժող ջան»-ի ու «հպարտ»-ի ուշադրությունը շեղես»,-ասաց նա և նշեց, որ այսօր Խաչատրյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան կապիկություն:










