«Նրանք բեռ են պետության համար». գեր մարդկանց վերաբերյալ վիրավորական արտահայտություններ արած եգիպտացի հաղորդավարուհին ինքնակամ դադարեցրել է կարիերան
Եգիպտոսում Ռեհամ Սաեեդ անունով հեռուստահաղորդավարուհին լրագրողական գործունեությունը կասեցրել է գեր մարդկանց հասցեին հնչեցրած վիրավորական մեկնաբանություններից հետո, հաղորդում է BBC-ն:
Իր շոուի ժամանակ Սաեեդը հայտարարել է, որ գեր մարդիկ «բեռ են իրենց ընտանիքների և պետության համար»: Նման հայտարարությունը հետևել է երկրի նախագահ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի՝ եգիպտացիներին ուղղված նիհարելու և իրենց ավելի լավ խնամելու կոչին:
Հաղորդավարուհին մասնավորապես ասել է, որ գեր կանանց մեծ մասն «իրենց մարմնում եղած տոքսինների պատճառով կորցնում է իր կանացիությունը և երջանկությունը»: Նա հավելել էր, որ գեր կանայք տղամարդկանց համար գրավիչ չեն, և տղամարդիկ հաճախ լքում են իրենց գեր կանանց կամ նշանածներին:
Հաղորդավարի խոսքերը սոցկայքերում խիստ քննադատության են արժանացել, ինչից հետո նա հայտնել է իր հեռանալու մասին:
«Ես հոգնել եմ այն բանից, որ երբ որևէ մեկը ցանկանում է քեզ նեղացնել, սոցկայքերում արշավ է սկսում քո դեմ և կեղծ լուրեր տարածքում մարդկանց: Ստացվում է, որ սոցկայքերում հազարավոր մարդիկ, որոնց դու չես ճանաչում, ետնաբեմում վճռում են քո ճակատագիրը: Հոգնել եմ այս ամենից, ժամանակն է երեխաներիս մասին հոգ տանելու»,- Instagram-ի իր էջում գրել է Ռեհամ Սաեեդը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա առաջին անգամը չէ, որ հաղորդավարուհին հակասական մեկնաբանություններով է հանդես գալիս: Սիրիայում փախստականներին այցելելու ժամանակ նա վերջիններին «անհարգալից» էր անվանել, մի ուրիշ անգամ իր շոուի տաղավարից հեռացրել էր աթեիստ հյուրին, չնայած նա հրավիրվել էր հենց իր աթեիզմը քննարկելու:










