ԱՄՆ-ում հաղորդավարն իր սևամորթ գործընկերոջն ուղիղ եթերում գորիլայի հետ է համեմատել և արժանացել քննադատության (տեսանյութ)
Ամերիկյան KOCO 5 News հեռուստաալիքի հաղորդավար Ալեքս Հաուսդենը զայրացրել է սոցկայքերի օգտատերերին՝ իր սևամորթ գործընկեր Ջեյսոն Հեքեթին ուղիղ եթերում գորիլայի հետ համեմատելով, գրում է Insider-ը:
Երբ հաղորդավարները քննարկելիս են եղել Օկլահոմա քաղաքի կենդանաբանական այգու գորիլաների մասին պատմող ռեպորտաժը, Հաուսդենը, դիմելով գործընկերոջը, ասել է՝ նա քեզ է նման, ինչին հաղորդավարը պատասխանել է. «Այո, ինչ-որ ընդհանուր բան կա»:
Facebook սոցկայքի օգտատերերը, որտեղ ուղիղ եթերում հեռարձակվել է հաղորդումը, վրդովվել են կնոջ պահվածքից:
Պարբերականի փոխանցմամբ՝ հաջորդ օրը Հաուսդենը ներողություն է խնդրել Հեքեթից՝ ասելով, որ իր խոսքերը «մտածված չեն եղել»:
Ջեյսոն Հեքեթն, իր հերթին, ընդունել է ներողությունը, սակայն ընդգծել է, որ Հաուսդենի խոսքերը վիրավորել են իրեն: Նա հավելել է, որ այս միջադեպը կարող է դաս լինել, և մարդիկ պետք է հասկանան, որ «բառերն ուժ ունեն»:










