Յակուտիայում Ան-2 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. կա մեկ տուժած

10:29 • 30.08.19

«Авиаспектр» ընկերությանը պատկանող Ան-2 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Յակուտիայի Կոբյայսկի շրջանում, հաղորդում է ria.ru-ն՝ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:

Ինքնաթիռը Յակուտսկ քաղաքի Ուս-Խատըն տեղանքից մեկնել է Վերխոյանսկի շրջանի Սուորդախ գյուղ: Օդանավում եղել է 5 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և երեք ուղևոր։

«Թռիչքի կետից մոտ 400 կմ հեռավորության վրա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կոբյայսկի շրջանի Սիլյան-Կյուել լճի շրջանում»,- հայտնել են մամուլի ծառայությունից և հավելել, որ հարկադիր վայրէջքի շրջան է ժամանել ուղղաթիռ՝ ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Աղբյուրն ավելի ուշ հաղորդել է հարկադիր վայրէջքի հետևանքով մեկ տուժածի մասին, որը, ըստ հաղորդման, ոտքի կոտրվածք է ստացել: Արտակարգ վայրէջքի պատճառները պարզվում են: