3 կարևորագույն ասպեկտներն ուսումնասիրելուց հետո Ամուլսարի վերաբերյալ կկայացվի ճիշտ որոշում. փոխվարչապետ (տեսանյութ)

13:07 • 04.09.19

Ես կարծում եմ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական,  թե՛ բնապահպանական տեսանկյունից: Եվ միայն ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ի պատասխան այն հարցին՝ արդյո՞ք «Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան:

Նրա խոսքով՝ այս 3 փորձագիտական կարևորագույն եզրահանգումներից է կախված ամեն ինչ: Լրագրողների հարցին, արդյո՞ք մեր երկիրը կարող է հիմնավորել, որ հանքի շահագործումը վնասակար է՝ հատկապես Սևանա լճի ավազանի համար և ձնհալի հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, Գրիգորյանը պատասխանեց, որ հարցը խորը փորձագիտական և մասնագիտական եզրահանգման կարիք ունի:

Փոխվարչապետը նաև ասաց, որ Ամուլսարի խնդրով փորձաքննություն իրականացրած «Էլարդ»-ի հետ սքայփ-քննարկմանը ներկա չի եղել, իսկ դիտելուց հետո իր համար նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

«Ինչ-որ բաներ բնականաբար նոր էր, ինչ-որ բաներ արդեն իսկ հայտնի էր: Գնահատականի արժանի է համակցման մեջ: Չի կարելի ասել, որ 400 հազար դոլարը հենց այնպես է կորել, որովհետև կա փորձագիտական նյութ»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտ որոշումը, քանի որ ասպեկտների 3 կարևորագույն տեսակներ կան: Նա ասաց ,որ այդ 3 ասպեկտները խորն ուսումնասիրելուց հետո կկայացվի ճիշտ որոշում: