Գործադիրը պատրաստվում է հեշտացնել ՀՀ սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը և մուտքը
Վաղը՝ սեպտեմբերի 5-ին Կառավարությունը կքննարկի ««Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս սահմանային շերտ մուտք գործելու անցագիր տրամադրվում է սահմանային զորքերի սահմանապահ ջոկատի պետի կողմից: Մասնավորապես, սահմանային շերտում առկա են մի քանի անցակետեր, և յուրաքանչյուր կետով սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային զորքերի ստորաբաժանման պետի կողմից պետք է տրվի առանձին թույլտվություն, որի տրամադրման գործընթացը ժամանակատար է:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք, անհատներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործունեություն են ծավալում սահմանային շերտի տարածքում (oրինակ՝ ջրամատակարարման համակարգերի ստուգում, հիդրոտեխնիկական կառույցների զննում և վերանորոգում), որտեղ նրանց մուտքի թույլտվության տրամադրումն առաջացնում է մի շարք բարդություններ անցագրի տրամադրման ժամանակի առումով:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ սահմանային բնակավայրերի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող բնակիչները շահագործում են տրանսպորտային միջոցներ (որոնցով տեղափոխում են գյուղատնտեսական գործիքներ, ապրանքներ և մթերք) առանց հաշվառման համարանիշների: Վերոնշյալ անձինք հիմնականում անվճարունակ են և ի վիճակի չեն հաշվառել տրանսպորտային միջոցները` դրա դիմաց անհրաժեշտ վճարումներ կատարելու անհնարինության պատճառով:
Այսպիսով, որոշման մեջ փոփոխություն կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից տրամադրված ընդհանուր անցագիրը ընդունելի կլինի սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային շերտում տեղակայված բոլոր դարպասներից, ինչը կհեշտացնի սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը և մուտքը՝ ձերբազատելով ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից:
ՀՀ ԱԱԾ կողմից առաջարկվում է մեքենաների հաշվառման համարանիշների տվյալների փոխարեն անհատական անցագրի կտրոնում և մատյանում նշել մեքենայի նույնականացման համարը /VIN կոդը/ և գույնը, ինչը հնարավորություն կտա սահմանապահներին տվյալ տրանսպորտային միջոցը ամրակցել կոնկրետ անձին:










