«Հրանտ Դինքի ընկերները 12 տարի անց էլ արդարություն են փնտրում». Կարո Փայլան

13:30 • 04.09.19

Հրանտ Դինքի ընկերները 12 տարի անց էլ արդարություն են փնտրում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Սեպտեմբերի 4-6-ը Ստամբուլի 14-րդ ծանր գործերով դատարանում շարունակվելու է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը, որում ներգրավված է 76 մեղադրյալ: Նախատեսվում է, որ շարունակվելու է վկաների ցուցմունքները լսելու գործընթացը:

«Հրանտ Դինքի սպանությունից անցել է 12 տարի: Որպես Հրանտի ընկերներ՝ դատական գործի 95-րդ նիստի ժամանակ էլ արդարություն ենք փնտրում: Սպանության մեջ պատասխանատվություն կրող քաղծառայողները դեռևս արդյունավետորեն չեն դատվում: Քանի դեռ պետության մեջ եղած «սպանի՛ր» ասող ավազակախումբը պատասխան չի տվել, այն շարունակելու է սպանել»,- գրել է հայ պատգամավորը:

«Ակօս» թերթի տեղեկության համաձայն՝ մարտի 14-ի դատական նիստում որոշում էր կայացվել, որ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպած Ստամբուլի փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, թուրքական հետախուզության Ստամբուլի շրջանի ղեկավար Հյուսեյին Քուբիլայ Գյունայը, նշված կառույցի աշխատակիցներ Օզել Յըլմազը և Հանդան Սելչուքը որպես վկա ցուցմունք են տալու դատարանում: Մինչդեռ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը դեռևս չի պատասխանել վերոգրյալի վերաբերյալ Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանի ուղարկած դիմումին:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: