«Մենք պատմական ողբերգություն ենք վերապրում». Բահամյան կղզիներին օգնության կոչ է արվել (տեսանյութեր)
ԱՄՆ մի շարք պաշտոնատար անձինք կոչ են արել անհապաղ օգնել Բահամյան կղզիներին, որը հայտնվել է «Դորիան» փոթորկի «թիրախում»: Փոթորկի պատճառով արշիպելագում բազմաթիվ հյուսիսային կղզիներ են ավերվել։
Մեծ Բահամա և Աբակո կղզիների հազարավոր բնակիչներ ջրհեղեղի պատճառով անօթևան են մնացել, առանց սննդի, ջրի և դեղորայքի։ Այս վիճակն ավելի աղետալի կլինի, եթե միջազգային հանրությունը շտապ գործողություններ չձեռնարկի, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի, Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուում ԱՄՆ դեսպանատան և տեղական պաշտոնյաների համակարգված հաղորդագրություններին։
«Մենք պատմական ողբերգություն ենք վերապրում»,- ասել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերթ Մինիսը։
«Ավերածություններն աննախադեպ են և համատարած»,- հավելել է նա։
Հումանիտար աղետն ի հայտ է եկել փոթորկի արագության ընթացքի նվազումից հետո, որը մոտավորապես 36 ժամ է տևել։
Մինիսը երեկ երեկոյան ավելի ուշ հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 7-ի, և ավելի շատ զոհեր են սպասվում։ Ակնկալվում է, որ վերականգնման գործընթացը «զանգվածային և համակարգված ջանքեր» կպահանջի։
Նշվում է, որ փոթորիկն ուղևորվում է Ֆլորիդա:












