ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող հարցը, ՍԴ բակում ակցիաներ են ընթանում (տեսանյութ)

13:46 • 04.09.19

15:01

Սահմանադրական դատարանի առջև բողոքի ակցիայի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գտնում է՝ եթե Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացնի, ապա դա պարտադրված է լինելու իշխանության կողմից:

«Դատարանը անկախ չէ, ճնշումներ են կատարվում,  այժմ էլ խոսակցություններ կան, որ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը գնում է ամեն ինչի, որ երկրում նորից սկսվեն խառը իրավիճակներ: Սահմանադրական դատարանին սպառնում են, որ եթե ՍԴ-ն այն որոշումը չկայացնի, որը չի բավարարի պարոն Նիկոլ Փաշինյանին, դա կարող է հանգեցնել նրան, որ ժողովրդին ոտքի հանեն և ՍԴ-ն ցրելու ցույցեր կազմակերպեն»,-ասաց նա:

«Չի կարող երկրի ղեկավարը անել հայտարարություն և ասել, որ «Մարտի 1-ը» բացահայտված է»,-ասաց նա:

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանն էլ հույս հայտնեց, որ արդարադատությունը չի մահացել. «Մենք կարծում ենք, որ Հրայր Թովմասյանը և մնացած դատավորները ՀՀ օրենքներով և իրենց խղճով կառաջնորդվեն, ոչ թե ներկայիս իշխանությունների ուղղորդումներով և ճնշումներով»:

Նա նշեց, որ սա ընդամենը մեկ փուլն է, սպասումներ ունեն նաև Եվրոպական դատարանից, Վենետիկի հանձնաժողովից:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը երեկ քննել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը:  

ՍԴ-ից երեկ հայտնեցին, որ այսօր հրապարակվելու է հարցի վերաբերյալ որոշումը: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ՍԴ-ն երբ կհրապարակի որոշումը, սակայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի բակում:

13:46

Սահմանադրական դատարանը երեկ քննել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը: 

ՍԴ-ից երեկ հայտնեցին, որ այսօր հրապարակվելու է հարցի վերաբերյալ որոշումը: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ՍԴ-ն երբ կհրապարակի որոշումը, սակայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի բակում: