Նման հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ. ԵՊԲՀ–ն հայցադիմում է նախապատրաստում Արսեն Թորոսյանի դեմ. խոսնակ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանները ներկա պահին հայցադիմում են նախապատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, որ մասերն են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ԵՊԲՀ–ը Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել, որում մի քանի կետ կա և դրանցից մեկով պաշտոնական դիրքի չարաշահման փաստ է դիտարկել այն, որ նախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Թերթը նաև նշել էր, որ Առողջապահության նախարարությունը նման լիազորություն չունի։










