Դատավորները շատ լավ հասկանում են, թե ում նկատի ունի վարչապետը․ ԲԴԽ նախագահը՝ վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող ու տեր փնտրող դատավորներ» արտահայտության մասին
Այն դատարանը կամ դատավորը, որը կկաշկանդվի, որն արդարադատություն կիրականացնի՝ կախված դատարանի առաջ հավաքված մարդկանց կոչերից, մարդկանց քանակից և այլն, այդ դատարանը կլինի սխալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ Նա շեշտեց՝ ինքը չի ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել։
«21-րդ դարն է ու «Լինչի դատարան» կամ նման այլ մեխանիզմներն անթույլատրելի են»,- ասաց նա։
Հարցին՝ անթույլատրելի է նույնիսկ այն դեպքում, եթե ամբոխին երկրի վարչապետն է կոչ արել փակել դատարաների դռները, նա պատասխանեց․ «Վստահ եմ, որ դատավորը ցանկացած դատարանի դիմաց բողոքի ակցիայից իրավունք չունի ճնշվել կամ արդարադատություն իրականացնել՝ կախված այդ ժողովրդի քանակից»։
Դիտարկմանը, որ վարչապետի կարծիքով՝ դատավորներ կան, որ նախկինում պատերի տակ փնտրել են տերեր, հնարավոր չէ, որ նրանք ճնշվեն ամբոխից, նա արձագանքեց՝ չեն ճնշվի։
Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը բոլոր իշխանությունների համար ցանկալի անձ էր, ավելին՝ իշխանափոխությունից հետո էլ իշխանահաճո էր, և պաշտոնի բարձրացում եղավ, Ռուբեն Վարդանյանը շեշտեց, որ ինքը պարզապես պրոֆեսիոնալ է։
«Չե՞ք մտածել, որ կարող է լինել մարդ, որ պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացնում ու չի առնչվում որևէ քաղաքական պրոցեսի, որևէ իշխանական խարդավանքների, որը բացառապես իր գործով է զբաղվում առավոտից մինչև ուշ երեկո, իսկ այս աշխատանքը կարող է գնահատվել ցանկացած իշխանության օրոք»,- ընդգծեց նա։
Խոսելով վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող ու տեր փնտրող դատավորներ» արտահայտության մասին, և հարցին, թե ինչու ԲԴԽ-ն չարձագանքեց, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Հարցը բազմիմաստ քննարկվեց, մի քանի տեքստերի վրա աշխատեցինք, բայց որոշեցինք չարձագանքել քաղաքական հայտարարությանը։ Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար մեջ են խոսում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ունի, ինչի մասին է խոսքը»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով այն հարցին, թե ժողովրդին ուղղված կոչը՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու մասին, եղել է միջամտություն վարչապետի կողմից, պատասխանել է. «Ներկայիս դատական համակարգը տեր-ստրուկ համակարգ է, և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:










