ՄԱԿ-ը 1 միլիոն դոլար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժած Բահամյան կղզիներին օգնելու համար

03:22 • 05.09.19

ՄԱԿ-ը հատուկ ֆոնդից 1 միլիոն դոլար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժած Բահամյան կղզիներին օգնելու համար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը, հաղորդում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն արդեն դիմել է բոլոր երկրներին՝ միջոցներ հատկացնել փոթորկից տուժածներին օգնելու համար: «Դժվար է հստակ ասել, թե որքան գումար կպահանջվի,- ասել է Լոուկոկը: Նա նշել է, որ այս պահին իրենք կենտրոնացած են անօթևաններին սնունդ մատակարարելու և կացարանով ապահովելու ուղղությամբ, իսկ վնասի չափը կգնահատեն ավելի ուշ:

«Այս պահին դժվար է ասել, թե քանի մարդ է անօթևան մնացել, բայց մեր հաշվարկով՝ մոտ 70 հազար մարդ անհապաղ օգնության կարիք ունի», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ Բահամյան կղզիներում փոթորկից հետո ստեղծված իրավիճակի պատճառով (ավերված ճանապարհներ, չգործող օդանավակայաններ) դժվարացել են սնունդ և խմելու ջուր տեղափոխելու աշխատանքները:

«Մի շարք վայրեր կարելի է հասնել միայն ուղղաթիռով: Բահամները, անշուշտ, նման ողբերգություն իրենց պատմության մեջ չեն ունեցել»,- եզրափակեց Լոուկոկը:

Հիշեցնենք, որ Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, վնասվել կամ ավերվել է մոտ 13 հազար շինություն: Ըստ Bloomberg-ի՝ Մեծ Բահամա կղզին, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ, հեղեղվել է մոտ 70% -ով: