ՆԱՍԱ-ում գնահատել են Եվրոպայում հրդեհների և Արկտիկայում սառույցի հալման միջև կապը (տեսանյութ)

16:04 • 24.09.19

Արկտիկայում սառցե ծածկույթի մակերեսը 2019 թվականի ամառային սեզոնին կրճատվել է՝ հասնելով 4,15 միլիոն քառակուսի կիլոմետրի, բայց Եվրոպայում անտառային հրդեհները կամ շոգերի ալիքը դրա պատճառ չեն հանդիսացել, պնդում են ՆԱՍԱ-ի մասնագետները:

«ՆԱՍԱ-ի և Կոլորադոյի համալսարանի ձյան և սառույցի վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնի (NCIDC) արբանյակային տվյալների վերլուծաբանները հայտնել են, որ 2019 թվականին սառցածածկույթը նվազագույնի է հասել սեպտեմբեր ամսին՝ հասնելով գրեթե 4,15 միլիոն քառակուսի կիլոմետրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանում է ՆԱՍԱ-ն, ամառն Արկտիկայում չի ուղեկցվել էքստրեմալ օդերևութաբանական երևույթներով:

«2019 թվականին Արկտիկայում էքստրեմալ եղանակ չի գրանցվել։ Չնայած այն հանգամանքին, որ Արկտիկայում տաք ամառ է գրանցվել (նորմայից 4-5 աստիճանով բարձր), բայց ո´չ հրդեհները, ո´չ էլ Եվրոպայում շոգերը մեծ ազդեցություն չեն ունեցել սառույցի հալման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Գիտնականները նշում են, որ վերջին 10 տարիներին ձյան ծածկույթի մակերեսը զգալիորեն նվազել է, ինչը կարելի է վերագրել կլիմայական փոփոխություններին:

 

 

 

ՆԱՍԱ-ում գնահատել են Եվրոպայում հրդեհների և Արկտիկայում սառույցի հալման միջև կապը (տեսանյութ)