ՆԱՍԱ-ն 12 տիեզերանավ է պատվիրել Լուսին իրականացվելիք ուղևորության համար
ՆԱՍԱ-ն Լուսին թռչելու համար տիեզերանավերի շինարարության մասին պայմանագիր է կնքել: Մրցույթը շահել է Lockheed Martin ընկերությունը, որը մինչև 2030 թվականի սեպտեմբերը պետք է Orion տեսակի 6-12 տիեզերանավ կառուցի:
Ինչպես հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում, առաջին երեք տիեզերանավի շինարարությունը կարժենա 2.7 մլրդ դոլար: Եվս երեք տիեզերանավ, որոնք ՆԱՍԱ-ն մտադիր է պատվիրել մինչև 2022-ը, կարժենա 1.9 մլրդ դոլար:
Այս տարվա մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՍԱ-ից պահանջել է «ցանկացած գնով» ամերիկացիներին Լուսին ուղարկել մինչև 2024 թվականը: Այնուհետև նա խոստացել էր հավելյալ 1.6 մլրդ դոլար հատկացնել Լուսնի և Մարսի «նվաճման» համար:
Հուլիսի սկզբին ՆԱՍԱ-ն հաջող փորձարկումներ է արել Orion նոր ղեկավարվող տիեզերանավի վթարային փրկության համակարգի աշխատանքը ստուգելու համար: Տիեզերանավը բարձրացել էր 10 կմ, ինչից հետո վթարային փրկության համակարգը շարժիչներ է գործարկել՝ փախցնելով այն հրթիռներից:
Առաջին թռիչքը Orion-ով նախատեսվում է իրականացնել 2022 թվականին, իսկ տիեզերագնացների ուղևորությունը Լուսին՝ 2024-ին:










