Օքսֆորդի համալսարանի ուսանող հայ երիտասարդը, մասնակցելով EUROP ծրագրին, անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել
Օքսֆորդի համալսարանի ուսանողների համար նախատեսված Ինժեներական հետազոտությունների ծրագիրը (EUROP) ֆինանսավորում է ուսանողներին, որպեսզի նրանք ամառային արձակուրդների ընթացքում գիտնականների հետ իրական հետազոտական նախագծեր իրականացնեն: Ծրագիրը նպատակ ունի օգնել ուսանողներին կարիերայի ձևավորման ընթացքում, նպաստել նրանց աշխատանքի և հմտությունների ձևավորմանը:
Օքսֆորդի համալսարանի ինժեներական գիտությունների բաժնի կայքէջն անդրադարձ է կատարել Ինժեներական հետազոտությունների ծրագրի (EUROP) շրջանակում անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ իրականացրած հայազգի Արեն Կարապետյանին:
Անվճար հիմունքներով Օքսֆորդի համալսարանում սովորող 20-ամյա Արենը ծրագրի շրջանակում իր հետազոտությունն իրականացրել է ավտոմատ կառավարման տեխնիկայի ոլորտում:
«Ավտոմատ կառավարման տեխնիկան յուրահատուկ ճյուղ է»,- հայտնել է Արենը և հավելել, որ Օքսֆորդի համալսարանի հետաքրքիր ու բովանդակալից ծրագրից հետո որոշել է դոկտորականը պաշտպանել հենց այս գծով:
«Նպատակ ունեի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուսանող-հետազոտող և որ ամենակարևորն է՝ որպես հետազոտող կատարելագործվել»,- հայտնել է Արենը:
Ոչ մեծ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին են 27 գրամ կշռող քվադրոկոպտերները, որոնք ուսումնասիրում է Արենը, շատ մանևրային են, սակայն թեթև կշռի պատճառով այն հեշտ է պայթեցնելը, կամ խոցելը: Հայ երիտասարդն օգտագործում է EUROP-ի հնարավորությունն առանձին անօդաչու սարքի կառավարման, հզորացման և ծրագրավորման մեթոդների մշակման համար՝ տարբեր առաջադրանքներ կատարելու նպատակով: 4-րդ տարվա իր նախագծի շրջանակում երիտասարդը կստեղծի ինքնուրույն աշխատող դրոնների փոքրիկ հավաքածու:
Ծրագիրն Արենին լայն մտահորիզոն է տվել իրական ուսումնասիրությունների վերաբերյալ:
«Ծրագրային ապահովման, ավտոմատ կառավարման, ինչպես նաև առանցքային հետազոտական հմտությունների տեսանկյունից ես արդեն հասցրել եմ շատ բան սովորել»,- հայտնել է երիտասարդը և հավելել. «Նախագիծը սկսելուց կարճ ժամանակ անց ես ինձ համար բացահայտեցի հետազոտությունների մարտահրավերները և այն, որ դրանք շատ դեպքերում կարող են անծայրածիր լինել»:
Երիտասարդի խոսքով՝ այս ծրագիրը չափազանց տարբերվում է այլ միօրինակ ուսումնական ծրագրերից:
«Բաժնի տրամադրած ռեսուրսների և իմ ղեկավարների օգնության շնորհիվ ես այժմ ավելի անկախ և ավելի հեռատեսորեն եմ լուծում իմ առջև ծառացած խնդիրները»,- ասել է նա:











