Google որոնողական համակարգն իր «ծննդյան օրվա» առթիվ համապատասխան դուդլ է թողարկել
Ամերիկյան Google ընկերության որոնողական համակարգն այսօր տոնում է իր 21-ամյակը: Այդ առիթով նրա էջում հայտնվել է համապատասխան դուդլ:
Նկարում պատկերված է հին համակարգիչ պատկերող բացիկ, որի վրա նշված է «1998 թվականի սեպտեմբերի 27» ամսաթիվը:
Որոնողական համակարգի գլխավոր դոմենը՝ google.com-ը, գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին, որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին: Միևնույն ժամանակ որոնողական համակարգն իր ծննդյան օրը նշում է տարբեր օրերի՝ երբեմն ամսի 7-ին, երբեմն՝ 27-ին:
Հենց սեպտեմբերի 27-ին Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը հրապարակեցին հոդված՝ «մասշտաբային որոնողական համակարգի» նախատիպի թողարկման մասին, գրում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ դուդլը երևում է աշխարհի շատ երկրներում, բացի Նորվեգիայից, Ֆինլանդիայից, աֆրիկյան որոշ երկրներից ու Չինաստանից:










