Գիտնականները պարզել են մարզումների և ուղեղի հոգնածության կապը

06:14 • 27.09.19

Գիտնականները պարզել են, որ ինտենսիվ մարզումների ընթացքում հոգնում է ոչ միայն մարդու մարմինը, այլև՝ ուղեղը: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Current Biology» ամսագրում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ հետազոտության պատվիրատուն Ֆրանսիայի Սպորտի ազգային ինստիտուտն է, որը մարզիկներին պատրաստում է Օլիմպիական խաղերին: Նշվում է, որ որոշ մարզիկներ տառապել են «գերմարզման համախտանիշով» և անհասկանալի հոգնածություն են զգացել: Գիտնականները փորձել են պարզել՝  արդյո՞ք այդ հոգնածությունը կապված է ուղեղի գերլարվածության հետ, ինչպես մտավոր աշխատանքի ժամանակ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուղեղը վերահսկում է մարզումների գործընթացը և ստիպում դադար վերցնել մկանների կամ հոդերի ցավի ժամանակ: Ըստ հետազոտողների՝ հոգնածությունն ազդում է մարդու ընտրություն կատարման վրա: Մարզիկների շրջանում կատարված ստուգումները ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ուղեղն ընտրում է հնարավոր ամենավատ տարբերակը, և մարդը կատարում է այնպիսի ընտրություն, որը կարող է հանգեցնել ոչ լավ արդյունքի:

Գիտնականները հայտնում են նաև, որ այդ ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ոչ միայն մարզիկների համար: Նրանց կարծիքով՝ կարևոր է վերահսկել հոգնածության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի կանխել վատ որոշումների ընդունումը քաղաքական, դատական կամ տնտեսական ոլորտներում:

Գիտնականները պարզել են մարզումների և ուղեղի հոգնածության կապը