ԱՄՆ-ում կայացել է Մարսի և Լուսնի գաղութացման համար նախատեսված տիեզերանավի շնորհանդեսը (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է բազմակի օգտագործման համար նախատեսված տիեզերանավի նախատիպը, որն ունակ կլինի բեռներ և տիեզերագնացներ հասցնել Մարս և Լուսին: Շնորհանդեսը հեռարձակվել է գործարարի թվիթերյան էջում:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տիեզերանավը ստացել է Starship անվանումը: Դրա երկարությունը կազմում է 50 մետր, իսկ զանգվածն առանց վառելիքի հաշվարկման՝ մոտ 120 տոննա: Շնորհանդեսի ժամանակ Մասկը նշել է, որ այն կարող է մինչև 100 մարդ տեղափոխել և հիմք դառնալ Մարսի և Լուսնի գաղութացման համար:
Նրա խոսքով՝ տիեզերանավի առաջին թռիչքը կկայանա առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այն կբարձրանա շուրջ 20 կմ բարձրությամբ և որոշ ժամանակ անց կվերադառնա Երկիր:
Նախատեսվում է, որ բոլոր փորձարկումներից հետո տիեզերանավը կկարողանա ուղեծրում մնալ մինչև երկու ամիս ժամկետով: Ամերիկյան ընկերությունից նշել են նաև, որ «Starship-ն ամենահզոր հրթիռն է պատմության մեջ»:










